ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Լուսանկարում եմ այնպես, ինչպես գեղանկարչական կտավը կնկարեի» (ֆոտոշարք)

«Լուսանկարում եմ այնպես, ինչպես գեղանկարչական կտավը կնկարեի» (ֆոտոշարք)
30.11.2012 | 11:41

«Իրատես de facto»-ի հյուրը գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ է:

-Լուսանկարչությամբ այսօր շատերն են հետաքրքրվում: Ինչո՞վ է պայմանավորված այդ բումը:
-Պայմանավորված է տեխնիկայի զարգացումով: Նախկինում լուսանկարչությունն առանձնահատուկ մասնագիտութուն էր համարվում: 100-հոգուց երեքը չունեին լուսանկարչական սարք, հիմա բոլորը ունեն, հիմա բոլորը հեռախոս ունեն, հեռախոսի մեջ նկարելու հարմարանք:
Մարդկանց թվում է, դա հեշտ միջոց է ինքնարտահայտվելու: Նկարում են անսահմանափակ, նկարներից մեկ-երկուսն առանձնացնում են ու իրենց պոտենցիալ լուսանկարիչ են համարում: Արդեն մտածում են թանկարժեք տեխնիկա ունենալու մասին: Ինձ շատ են դիմում, հարցնում են` ի՞նչ սարք ձեռք բերենք: Ես նայում եմ գործերը և մեղմ ձևով խորհուրդ եմ տալիս, որ առայժմ պետք է ոչ թե թանկարժեք սարք գնես, այլ աշխատես քեզ վրա:
-Սենսացիայով համեմված լուսանկարները մեծ վարկանիշ ունեն: Լուսանկարչական արվեստի հետ դրանք որևէ կապ ունե՞ն:
-Իհարկե` ոչ: Լուսանկարչական արվեստը բաժանվում է մի քանի ճյուղերի, Ձեր ասած սենսացիոնը ուրիշ մասնագիտություն է:
-ՈՒնե՞ք նման բնույթի աշխատանքներ:
-Ես ռեպորտաժային լուսանկարներ երբեք չեմ արել և չեմ անում: Ավելի շուտ արվեստի գործեր եմ ստեղծում: Լուսանկարում եմ այնպես, ինչպես գեղանկարչական կտավը կնկարեի:
-Նոր նյութերն ու տեխնիկան հնարավորություն են տալիս ձևափոխումներ անելու և «չտեսնված» լուսակարներ ստանալու: Ո՞Ւր է մնում իրական արվեստը, լուսանկարչի աշխատանքը:
-Դա լուսանկարչության ճյուղերից մեկն է` լուսանկարչական գեղանկար: Ամեն մարդ չի կարող ձևափոխել: Միայն ռեպորտաժային լուսանկարի դեպքում իրավունք չունես որևէ միջամտություն անելու: Եթե մի բան փոխես, նշանակում է` իրականությունը խճողեցիր:
-Թա՞նկ են լավ լուսանկարները:
-Կան գործեր, որ 30-50 հազար դոլար արժեն, մի ամբողջ կարողություն:
-Ինչի՞ համար է այդ ձգտումը` ակնթարթը հավերժացնելու, կյանքը ֆիքսելու:
-Կյանքը բոլոր տեսակներով ֆիքսվում է: Ժամանակին, երբ չկար լուսանկարչություն, գեղանկարչության միջոցով էր ֆիքսվում: Մարդկանց համար հետաքրքիր է իրենց ֆիքսված տեսնելը: Ես ունեմ իմ 7 տարեկան հասակի լուսանկարը, ավելի փոքր տարիքի լուսանկար չունեմ, չգիտեմ ինչպիսին եմ եղել, բայց հետաքրքիր կլիներ: ՈՒզում ես ֆիքսել կյանքի երջանիկ մի պահը, լուսաբացը, մայրամուտը, հետաքրքիր մի կերպար, գեղեցիկ աղջկա, նշանավոր մարդու: Շատ լուսանկարներ ունեմ Հրանտ Մաթևոսյանից, Խորեն Աբրահամյանից և այլ նշանավոր մարդկանցից: Այսօր ինձ համար դա հարստություն է, ժողովրդի համար` նույնպես:
-Մի այսպիսի պատմություն կա. արտասահմանցիները նկարում են մեր բնաշխարհը, մի պապիկ է լինում տարածքում, զարմացնելու համար իբր լուսանկարչական սարքից գլուխ չհանող պապիկին, լուսանկարներից մեկը տալիս են նրան: Պապիկը չի զարմանում, նա ուրիշ պատասխան է տալիս` «Ինչո՞ւ կանգնեցնել ժամանակը»: Այստեղից էլ հարց` ինչո՞ւ կանգնեցնել ժամանակը:
-«Կա՛նգ առ, ակնթարթ, դու հիասքանչ ես» Ֆաուստի այս բացականչությունը թևավոր խոսք է դարձել ամբողջ աշխարհում: Եվ դա պատահական չէ: Այդ զգացումը հիմա, խելահեղ արագությունների այս դարում, շատ այժմեական է ու բնական: Մարդը միշտ ուզել է, ուզում է, ձգտում է անմահության: Ահա և ամեն մի մահկանացու ձգտում է գոնե ինչ-որ կերպ անմահանալու: Ահա և պրոզայիկ, բայց և ճշգրիտ բացատրությունը։
-Դյուրացել է լուսանկարները սեփականացնելը: Ի՞նչ եք անում, երբ Ձեր աշխատանքը հայտնաբերում եք մամուլի էջերում կամ օգտատերերի անձնական «ակաունտներում»:
-Ոչինչ էլ չեմ անում: Մոսկվայից ամսագիր են ուղարկում ընկերներս, ասում են` քո լուսանկարը տպագրված է: ՈՒ բազմաթիվ նման դեպքեր են լինում:
-Գոնե հեղինակի անունը նշո՞ւմ են:
-Կա՛մ նշում են, կա՛մ ոչ, իրենց ինչպես պետք է, այնպես էլ օգտագործում են: Հեղինակային իրավունքների խախտումը սովորական երևույթ է մեզանում և, առհասարակ, նախկին խորհրդային երկրներում: Ես նամակ ստացա Կանադայից, թույլտվություն էին խնդրում իմ գործերից թերթի ամեն համարի առաջին էջում տպագրելու, ինչի համար ինձ գումար են ուղարկում ու թերթի ամեն համարից մեկ օրինակ: Դրսում այդ առումով ավելի դրական է պատկերը: Մեզ մոտ նույնպես կան կազմակերպություններ, որ նորմալ են աշխատում, հեղինակի հետ համաձայնեցնելով: Բայց սովորաբար գողանում են խայտառակ ձևով: Եթե նկատել եք` համացանցում ես իմ աշխատանքները մեծ չափսերով եմ դնում, որ և՛ նայելիս հաճույք ստանան, և՛ եթե գողանում են, կարգին գողանան:
-Ձեր գործերում հայաստանյան գյուղերում ապրող չքնաղ աղջիկների պատկերներ են։ Հաճա՞խ եք գյուղերում լինում: Գյուղական կոլորիտը, բնաշխարհը քաղաքից «բուժվելու» միջո՞ց են:
-Ինչո՞ւ միայն աղջիկների, տղաների, հովիվների լուսանկարներ չե՞ք տեսել: Հայաստանի գյուղը ո՞վ չի սիրում, ես անընդհատ շրջում եմ գյուղերում, նկարում եմ: Բարձրանում եմ սարերը, այնտեղից եմ նկարում: Եկեղեցիների, հուշարձանների տասնյակ հազարավոր լուսանկարներ ունեմ:
-Պատահո՞ւմ է, որ նվիրում եք ձեր լուսանկարները:
-Մի ամերիկացի Հայաստանի մասին գիրք էր գրում: ՈՒզում էր գնել իմ լուսանկարներից: Ես ուղղակի նվիրեցի, որովհետև լավ գործ էր անում Հայաստանի համար:
-Քանի որ խոսեցինք հուշարձաններից, հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր մարզերից Երևան բերված կոթողների ցուցադրությանը:
-Շատ վատ: Որովհետև խաթարում են տեղանքը: Պետք է ուղղակի մեր ժողովրդի հետ աշխատել, որ չփչացնի իր ունեցածը: Հունաստանի կղզիներից մեկում Բայրոնը մի պատի վրա փորագրել է իր անունը: Սրբության պես պահում են: Իհարկե, անտիկ շրջանի գործեր կան, որ տարիների ընթացքում խաթարվել են, փոխվել, բայց էլի պահպանված են: Ժողովուրդը սիրում է, պահպանում իր ունեցածը: Մեր ժողովուրդը չասեմ, բնակչությունն անդաստիարակ է:
-Տարբերությունը ո՞րն է:
-Տարբերությունը շատ մեծ է: Հայ ժողովուրդն ընդարձակ հասկացություն է: Մեր բնակչության զգալի մասը «թուրքի» պես է վարվում իր ունեցածի հետ (խոսքը ոչ թե թուրք ազգի, այլ թուրք հասկացության մասին է): Այդ առումով մեր մեջ հայախոս թուրքեր շատ կան:
Ես ամեն առավոտ ավելով մաքրում եմ շենքի բակը (ինձ ճանաչում են շենքի բնակիչները), բայց մեկ է, անգամ նույն պահին վերևից աղբ են գցում: Եվ ամբողջ հանրապետությունն է այդ վիճակում: Կա՛մ պետք է խիստ միջոցներ ձեռք առնել, կա՛մ բացատրական աշխատանք տանել:
-Քաղաքն այսօր փորձում են ինչ-որ կերպ ձևավորել, նոր գունավորումներ, նոր լուծումներ են արվում, ժամանակավոր քանդակներ են տեղադրվում և այլն: Հիմնականում ամեն բան քննադատվում է:
-Ես չեմ քննադատում: Երկու տարի Երևան քաղաքի գլխավոր նկարիչն եմ եղել (1996- 1998 թթ.), տեղյակ եմ ամեն ինչին և հետևում եմ: Լավ բան շատ է արվում, օրինակ, շենքերը լուսավորվում են, քաղաքը գեղեցկացել է, երեկոյան ժամերին նայում ես` շատ հաճելի է: Բայց դա արվում է կենտրոնում և հայտնի շենքերում: Մատենադարանն է լուսավորվում, հեռուստատեսային աշտարակը և նմանատիպ շենքերը: Բա չխոսե՞նք այն մասին, որ ամբողջ Նոր Նորքի թաղամասերում սարսափելի մութ է, սև մութ: Լուսավորվում է Կենտրոնը, ասես ցույց տալու համար, որ տեսեք` ինչ լավ քաղաք ունենք: Իսկ ինչ վերաբերում է արձաններին, շատ քաղաքներում են տեղադրվում նման գործեր, բայց քանի որ մեր բնակչությունը վայրենի է, ջարդում-փշրում է: Հետո էլ այդ աշխատանքներն ինձ դուր չեն գալիս, ավելի լավ կլիներ, որ արվեստով արվեին: Բավականին ճաշակով գործեր կան այլ քաղաքներում և բրոնզով են արվում, որ չջարդվեն: Մեզ մոտ պարսիկները նստում են Հրանտ Մաթևոսյանի ծնկներին ու լուսանկարվում են: Իսկ այդ արձանները սարքված են կավից ու հեշտությամբ վնասվում են:
-Բոտերոյի «Հաստլիկը» դժգոհության ալիք բարձրացրեց: Եթե նույնիսկ լավ աշխատանք է, ոմանց կարծիքով, չպետք է դրվեր քաղաքի կենտրոնում:
-Կասկադում արվեստի պուրակ է ստեղծվել, ի՞նչ է նշանակում կենտրոնում չպետք է տեղադրվի: Բոտերոն մեծ արվեստագետ է, նրա գործերը դրված են Նյու Յորքի կենտրոնում: Բայց քաղաքը չի կարելի լցնել խրտվիլակներով, որ կողմը շուռ ես գալիս` արձան է դրված: Այս պահին ավելի կարևոր բաներ կան, որ պետք է արվեն: Նախ քաղաքը պետք է մաքրվի և լուսավորվի:
-Նաև գրում եք: Ի՞նչ եք կարծում` մեր տեխնոդարում ո՞ւմ է հետաքրքրում պոեզիան:
-Ոչ մեկին էլ շատ չի հետաքրքրում: Եթե խորհրդային տարիներին բանաստեղծական ժողովածուն հրատարակվում էր 30 հազար տպաքանակով և վաճառվում էր մինչև կեսօր, հիմա 500 օրինակն է լավ թիվ համարվում: Համո Սահյանի գիրքը լույս է տեսնում 300 օրինակով: Իսկ ընդհանրապես ժամանակները փոխվել են, մարդիկ պրոզայիկ են դարձել, ապրուստի խնդիր կա, այլ հետաքրքրություններ կան` համացանց, հեռուստատեսություն:
-Այսօրվա աշխարհի քաղաքացին օրվա զգալի մասը համակարգչի առաջ է անցկացնում, բայց մեկ է, էլի ամենաշատը քննադատվում է հեռուստատեսությունը: Ինչո՞ւ:
-Հեռուստատեսությունը սպանեց կինոարտադրությունը և շատ-շատ բաներ: Հաղորդակցման էժանագին միջոց է: Վերահսկողություն չկա: «Յուքոմը» վաճառում է 120 ալիք, որոնցից 4-ը պոռնո է` երկուսը փակ, կոդավորված, մյուս 2-ը բաց են կեսգիշերից հետո: Այսօրվա մեր աղքատ ժողովրդին միայն դա էր պակասում, որ երեխան պոռնո նայի: Եվ դեռ բարոյականություն ենք քարոզում:
-Երկար տարիներ ապրել եք արտասահմանում: Ի՞նչ կա դրսում, որ չկա մեզ մոտ:
-Երկրները տարբեր են, մարդիկ տարբեր են, նրանց ստեղծածն էլ է տարբեր: ԱՄՆ-ում եմ ապրել 17 տարի, շատ բան եմ տեսել, սովորել, թե ինչպես կարելի է ապրել, ինչպես կարելի է չապրել: Կատարելություն ոչ մի երկրում չկա, բայց բաներ կան, որ եթե վերցնես, բավական լավ երկիր կունենաս: Վերաբերմունքի մասին է խոսքը` քո հողի, ջրի, ընդերքի, քո ունեցածի նկատմամբ: Հիմա ամբողջ Հայաստանը քրքրում են ավազակները: Չքնաղ բնությունը փչացնում են փողի համար: Ընդերքը դատարկում են, դրսում վաճառում, բնության հերն անիծում են ու դեռ նորմալ հարկ էլ չեն վճարում: Միացյալ Նահանգներում շրջել եմ բազմաթիվ նահանգներով, պատահել է 26 ժամ մեքենայով ճանապարհ եմ անցել, մի վիրավոր սար չեմ տեսել, գեղեցիկ են, հարթ` իրենց ձևի մեջ, մաքուր, մի աղճատված բան չես տեսնի: Որովհետև պետությունը խիստ հսկողություն է սահմանել, մի սիգարետ մեքենայից դուրս գցելու համար տուգանում են 1000 դոլար, քաղաքներ կան` արգելված է փողոցում ծխելը: Մաքրամաքուր են շրջապատը, բնությունը: Ինչի՞ց է: Ո՞վ է տերը: Մարդիկ: Մեր բնությունն ինչո՞ւ է այսպես խղճուկ, որովհետև անփույթ են, անխիղճ են ու անդաստիարակ։ Սա՛ է խնդիրը:


Էջը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ